«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Ցինիզմի դրսևորում

Ցինիզմի դրսևորում
17.01.2015 | 13:39

Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրու ոճրագործությունները կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները՝ «գունավոր հեղափոխություն» սադրելու նպատակով: Սա անհեթեթ վարկած է, որի լուրջ քննարկումն իսկ կարող է կասկածի տակ դնել մարդու բանականությունը: Եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ Գյումրու սպանդի հիմքում առկա են «ադրբեջանական», «թուրքական» կամ «արևմտյան» հետքեր, ապա սա ավելի խոցելի վիճակում է դնում հենց ռուսական կողմին: Ստացվում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան այնքան բարոյալքված է, որ այնտեղ վխտում են օտարերկրյա գործակալները: Այս վարկածի տրամաբանությամբ՝ ռուսական ռազմաբազան այնքան խոցելի է, որ չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, էլ ուր մնաց՝ Հայաստանի: Ըստ այդմ՝ Մոսկվայում այս վարկածը երկնողները պետք է լուրջ խորհեին. հայաստանյան, նաև ռուսական հասարակությանը կարճ ժամանակով կարելի է կերակրել նման «կտերով», բայց երկարաժամկետ կտրվածքով՝ նման վարկածի շրջանառությունը հարվածի տակ է դնում հենց Ռուսաստանի հեղինակությունը: Թերթերից մեկը գրում է, որ երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Ըստ ամենայնի, այս տեղեկատվությունը ճիշտ է, որը, իր հերթին, վկայում է երկու հանգամանքի մասին: Կամ մեր «ռազմավարական դաշնակիցը» չի վստահում Հայաստանին, կամ էլ խորանում են կասկածները, թե ռուսներն ինչ-որ բան թաքցնելու ցանկություն ունեն: Երկու դեպքում էլ գործ ունենք ցինիզմի դրսևորման հետ, և Հայաստանի հասարակությունը դեռ երկար ժամանակ պետք է ենթադրություններ անի, թե ինչու ոճրագործը պետք է սպաներ մի ամբողջ հայ ընտանիքի ու այսպես «խնամքով» թաքցվեր հայ իրավապահներից: Փաստորեն, առայժմ պետք է մխիթարվենք այն հանգամանքով, որ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու էլի մի գյումրեցի դիտանցքից տեսել են մենախցում գտնվող մարդասպանին:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ